«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում ամենաշաբաթյա գիտական լսմանն այս անգամ զեկուցումով հանդես եկավ Էնդոսկոպիայի կլինիկայի ղեկավար Կարեն Մանուկյանը։ Նրա զեկուցումների թեմաները երեքն էին՝ 3-րդ տարածության էնդոսկոպիա, հաստ աղու քաղցկեղի էնդոսկոպիկ բուժման հնարավորությունները, տրանսլումինալ ստենտավորում։
Կարեն Մանուկյանը նշեց, որ 3-րդ տարածության էնդոսկոպիայի դեպքում պատի հաստության մեջ միջամտություններ են կատարվում, այսինքն՝ ոչ աղիքի լուսանցքում, ոչ էլ որովայնի խոռոչում, այդ միջամտությունները թույլ են տալիս էնդոսկոպիկ եղանակով հեռացնել տեղային քաղցկեղը կամ կատարել կերակրափողի մկանի հատում ախալազիայի ժամանակ։
Էնդոսկոպիայի կլինիկայի ղեկավարը ներկայացրեց մեկ այլ եզակի միջամտություն՝ էնդոսկոպիկ ՈՒՁՀ-ի հսկողության տակ ենթաստամոքսային գեղձի աբցեսի (թարախակույտի) դրենավորում (դատարկում) դեպի ստամոքս։ Էնդոսկոպիկ եղանակով իրականացվող այս վիրահատությունը եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում, քանի որ պահանջում է բարձր տեխնիկական հնարավորություններ և համապատասխան պրոֆեսիոնալիզմ: Գործընկերները բազում հարցեր են ուղղել բանախոսին ներկայացված թեմաների վերաբերյալ, ինչպես նաև էնդոսկոպիկ մեթոդների հնարավորությունների, կիրառման մասով, օրինակ՝ ախտորոշման այսօր առավել արդի մեթոդների մասին. էնդոսկոպիկ, թե ռադիոլոգիական, ինչ բարդություններ կարող են առաջացնել էնդոսկոպիկ մեթոդները և այլն։
Գիտական լսմանը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Բուժական գծով տնօրեն Արա Ղազարյանը հայտարարեց, որ հաշվի առնելով, որ համալսարանական հիվանդանոց շատ են դիմում ստամքոսաղիքային տրակտի արյունահոսության ծանր բարդություններով, առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ համապատասխան մասնագետների ներգրավվածությամբ, որը պետք է մեկ ամսվա ընթացքում առաջարկներ ներկայացնի հիվանդների վարման վերաբերյալ, ինչը կդառնա նաև ներհիվանդանոցային գործելակարգ։
.png)